Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

ԵԱՀԿ ԽՎ նախատեսվող արտակարգ նիստում կքննարկվեն տարածաշրջանում խաղաղության հաստատման հեռանկարները. ԵԱՀԿ ԽՎ նախագահը՝ Ալեն Սիմոնյանին

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը սեպտեմբերի 28-ին Դուբլինում հանդիպել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) նախագահ Թինի Քոքսին:

ԱԺ մամուլի ծառայությունից հայտնում են, որ ՀՀ ԱԺ նախագահը ԵԽԽՎ նախագահի խնդրանքով ներկայացրել է Լեռնային Ղարաբաղից բռնի տարհանված հայերի ճակատագրին, իրավունքների ոտնահարմանը վերաբերող տվյալներ՝ հիշեցնելով Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով ամիսներ շարունակ շրջափակման մեջ գտնվելն ու ադրբեջանական լայնածավալ հարձակման ենթարկվելը: «Արդյունքում, կան հարյուրավոր սպանվածներ և վիրավորներ, այդ թվում՝ խաղաղ բնակչության, կանանց և երեխաների շրջանում: Հազարավոր մարդիկ բռնի տեղահանվել և մնացել են անօթևան՝ առանց սննդի և ապրուստի այլ միջոցների ու առաջին բժշկական օգնության»,- շեշտել է ՀՀ ԱԺ նախագահը:

Ալեն Սիմոնյանը նշել է, որ ադրբեջանական քաղաքականության հիմքում է Լեռնային Ղարաբաղում հայկական հետքի, մշակութային ժառանգության իսպառ վերացումը, ինչի ականատեսն ենք դեռ 44-օրյա պատերազմից հետո, իսկ այս օրերին այդ քաղաքականությունն իրագործվում է ամբողջ թափով: Նա ընդգծել է, որ Լեռնային Ղարաբաղից Հայաստան են տեղափոխվում բազմաթիվ մարդիկ, որոնց կարիքներն առայժմ Հայաստանի կառավարությունը սեփական ուժերով կարողանում է բավարարել՝ միևնույն ժամանակ հավելելով, որ հարկավոր է լինելու բարեկամ պետությունների օժանդակությունը:

Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի ագրեսիվ գործողությունները զրուցակիցների կողմից դիտարկվել է հայաթափման ծրագիր իրականացնելու վերջնանպատակ, ինչի հետևանքով ժողովուրդը զրկվել է իր իսկ հայրենիքում ազատ և արժանապատվորեն ապրելու իրավունքից: ՀՀ ԱԺ նախագահը բարձր է գնահատել Լեռնային Ղարաբաղում վերջին ռազմական գործողությունները դատապարտող ԵԽԽՎ նախագահի հայտարարությունը:

Անդրադարձ է եղել այն հանգամանքին, որ Ադրբեջանը ոչ միայն անտեսում է Եվրոպայի խորհրդի առջև ստանձնած պարտավորությունը, այլև զրոյացնում է միջազգային գործընկերների ջանքերը՝ ուղղված Հարավային Կովկասում կայունության և խաղաղության հաստատմանը: Ալեն Սիմոնյանն ընդգծել է, որ Եվրախորհրդի կառույցները պետք է այցելեն Լեռնային Ղարաբաղ և դիտարկեն այնտեղ տիրող մարդու իրավունքներին առնչվող իրավիճակը, արձանագրեն ժողովրդի տառապանքները և գտնեն հնարավոր լուծումներ: Վեհաժողովի փաստահավաք առաքելություն Լեռնային Ղարաբաղ ուղարկելու հարցում նա ապավինել է ԵԽԽՎ-ի աջակցությանը:

«Բացի Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված ավերիչ իրավիճակից՝ մինչ օրս Ադրբեջանը չի կատարել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումները հայ ռազմագերիների և այլ քաղաքացիական անձանց վերադարձի վերաբերյալ: Հայաստանի ինքնիշխան տարածքների մի մասը դեռ գտնվում է Ադրբեջանի անօրինական վերահսկողության տակ»,- հիշեցրել է խորհրդարանի ղեկավարը:

Նա շեշտել է, որ Հայաստանի դիրքորոշումը մնում է նույնը. հաստատել խաղաղ հարաբերություններ, որոնք հիմնված են ինքնիշխանության և տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման վրա:

Թինի Քոքսը տեղեկացրել է, որ ԵԽԽՎ-ի աշնանային նստաշրջանում, որը կանցկացվի հոկտեմբերի 1-ին, կքննարկվեն ԼՂ-ին և Հայաստանին առնչվող հարցեր:

ՀՀ ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակության կազմում են պատգամավորներ Արսեն Թորոսյանը և Սոնա Ղազարյանը: