Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:
Այսօր Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Ավան եւ Նոր Նորք նստավայրում, Վահե Միսակյանի նախագահությամբ շարունակվեց «դիզվառելիքի գործով» դատական նիստը:
Հիշեցնենք, որ այդ գործով ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին մեղադրանք է առաջադրված առանձնապես խոշոր չափերով յուրացման/վատնման համար․ ըստ մեղադրանքի, նրա կազմակերպմամբ եւ «Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանի դրդմամբ՝ 2013թ․ հունվարից մինչեւ փետրվարը կառավարության պահուստային ֆոնդից վատնվել է պետական աջակցության ծրագրերի իրականացման ընթացքում 15 391 765 լիտր դիզելային վառելիքի համար հատկացված սուբսիդիայի առանձնապես խոշոր չափերով գումարը՝ 489 160 310 ՀՀ դրամ: Այս գործով մեղադրյալի կարգավիճակում էին նաեւ ՀՀ գյուղատնտեսության նախկին նախարար Սերգո Կարապետյանն ու նրա տեղակալ Սամվել Գալստյանը, որոնց նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է․ նախկին պաշտոնյաները մահացել էին կորոնավիրուսից։
Մեղադրող դատախազն ասաց, որ հարցումներ են ուղարկվել գործի վերաբերյալ եւ պարզվել է, որ 2012-13 թվականին ԻԻՀ-ից «Ֆլեշ» ընկերության կողմից երկու-երեք անգամ ավելի մեծ ծավալի դիզվառելիք է ներկրվել, քան «Մաքս ՕՅԼ» ՍՊԸ-ի կողմից: Քննության համար ամենաէական շրջանում՝ 2013 թվականին, ըստ դատախազության հարցման պատասխանի, պարզվել է, որ «Ֆլեշ» ընկերության կողմից երեք անգամ ավելի մեծ ծավալի դիզվառելիք է ներկրվել, քան «Մաքս ՕՅԼ» ՍՊԸ-ի կողմից: Քանի որ այս գործի հիմնական վիճարկվող հարցը ներկրվող դիզվառելիքի որակին է վերաբերում եւ հիմնական փաստարկ է բերվում այն, որ ԻԻՀ-ից ներկրվող վառելիքն իր որակներով զիջում է, դատախազը հայտարարեց, որ հարցմամբ պետական մարմնից ստացված տեղեկությունը էական է՝ դատարանում հնչած ցուցմունքների հավաստիության համատեքստում:
Դատախազը նաեւ ընկերությունների՝ տվյալ ժամանակաշրջանի համար, հարկային հաշիվների տեղեկություններ է ստացել, որոնց վերլուծություններն, ինչպես նա հայտարարեց, ցույց են տալիս, որ դատարանում՝ ցուցմունքներում հնչած տեղեկությունների հետ անհամապատասխանություն կա. նա միջնորդեց իր հարցման պատասխանները կցել քրեական գործին, հանգամանորեն ուսումնասիրել եւ դրանք ճանաչել ապացույց:
Կարդացեք նաև
Պաշտպանական կողմը ժամանակ խնդրեց՝ դիրքորոշում հայտնելու համար: Ապացույց ճանաչել-չճանաչելու հարցը դատարանը կորոշի հետագայում՝ փաստաթղթերը հանգամանորեն ուսումնասիրելուց հետո:
Մանրամասները՝ շուտով տեսանյութում
2013-ին դիզվառելիքի գների վերաբերյալ հարցումներ է արել եւ պատասխաններ է ստացել նաեւ պաշտպանական կողմը: Նաեւ՝ «Մաքս ՕՅԼ» եւ «Սովրանո» ընկերությունների անվամբ տրանսպորտային բազայի պատկանելիության մասին հարցումներ են արվել. պարզվել է՝ այդ ընկերությունների անունով մեքենաներ չկան գրանցված՝ չնչին բացառություններով: Պաշտպանական կողմը հիշեցնում է, որ դատարանում հնչեցին տեսակետներ, թե այդ ընկերությունները պահանջվող ծավալի ներկրումներ ապահովելու համար համապատասխան տրանսպորտային բազա ունեին: Պաշտպանական կողմը միջնորդեց իր ներկայացրած հարցումների պատասխանները նույնպես կցել գործի նյութերին եւ դրանք ճանաչել ապացույց: Դատավորը հայտարարեց, որ նշված փաստաթղթերը քրեական գործին կցված են եւ կարող են կողմերի կողմից օգտագործվել՝ դատաքննության տարբեր փուլերում, բայց դրանք ապացույց ճանաչելու անհրաժեշտություն դատարանը չի տեսնում:
Պաշտպանական կողմը միջնորդեց նաեւ փորձաքննություն իրականացնել եւ պարզել, թե 2012-13 թվականների ընթացքում որքա՞ն վառելիք է ներկրվել եւ իրացվել տվյալ ընկերությունների կողմից, ի՞նչ գնով, որքա՞ն է կազմել վառելիքի ինքնարժեքը հանրապետությունում՝ տվյալ ժամանակահատվածում: Ինքնարժեքի հարցը պաշտպանական կողմը հատկապես է կարեւորում, քանի որ գյուղնախարարության առաջարկի համար, ընկերության ներկայացուցիչները պնդում են, որ իրատեսական գին էին ներկայացրել: Պաշտպան Ամրամ Մակինյանը հայտարարեց, որ ընկերության կողմից ներկայացված առաջարկը՝ 420 դրամ, հակասում է վիճպետվարչության տրամադրած տվյալին, ըստ որի, այդ շրջանում դիզվառելիքի ներկրմանն ինքնարժեքը կազմել է 470 դրամ:
Մեղադրող կողմը ժամանակ խնդրեց՝ փորձաքննության մասով միջնորդությանը ծանոթանալու եւ դիրքորոշում հայտնելու համար:
Այլ մանրամասները՝ քիչ ուշ՝ տեսանյութում
Հաջորդ նիստը կկայանա հոկտեմբերի 17-ին, 16.00-ին
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Լուսանկարն՝ արխիվային