Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Բռնի տեղահանվածների հաշվառումն էական է՝ հետագայում աջակցության ծրագրերը թիրախային դարձնելու համար. Ղազարյան

Հայաստանում Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց հաշվառման ընթացքում իրականացվում է կարիքի նախնական գնահատում, հաշվառումն էական գործընթաց է՝ հետագա սոցիալական աջակցության ծրագրերը թիրախային դարձնելու տեսանկյունից:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին «Հումանիտար կենտրոն»-ում կայացած ասուլիսում ասաց Հայաստանի Ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Արմեն Ղազարյանը:

Սեպտեմբերի 28-ի ժամը 19:00-ի դրությամբ հաշվառվել է 55 հազար 248 բռնի տեղահանված անձ: Հաշվառված անձանցից 26 հազար 575-ը արական սեռի են, 28 հազար 670-ը՝ իգական: Հաշվառվածների թվում կա 1172 հաշմանդամություն ունեցող և 133 հղի կին:

Հաշվառվածների շրջանում ամենամեծ թվով տեղահանվածները Ստեփանակերտից են՝ 27 հազար 408, այնուհետև Մարտակերտի շրջանից՝ 10 հազարից ավելի, Ասկերանի շրջանից՝ 7500-ից ավելի, Մարտունու շրջանից՝ շուրջ 7000  և այսպես շարունակ:

«Հաշվառումն իրականացվում է 2 փուլով, առաջինը՝ անձնական տվյալների հավաքագրումն ու նույնականացումն է: Սա շատ էական գործընթաց է՝ հետագայում բոլոր տիպի աջակցությունները, իրականացող ծրագրերը թիրախային դարձնելու համար: Առաջին իսկ օրվանից Կոռնիձորի հումանիտար կայանում իրականացվել է հաշվառվում: Սակայն հետագայում, երբ մարդկանց հոսքը մեծացել է, Կոռնիձորի կայանի նպատակայնությունը փոխվել է, և հաշվառման գործընթացն այնտեղ դադարեցվել է: Առաջին օրվանից հաշվառում իրականացվում է Գորիսում, չի դադարեցվել: Վայքում ևս բացվել է համապատասխան հումանիտար կայանը»,-ասաց Ղազարյանը:

Նա տեղեկացրեց նաև, որ սեպտեմբերի 27-ից արդեն irazekum.am կայքում ևս հրապարակված է բոլոր մարզերում հումանիտար կենտրոնների ցանկը: Եվ ԼՂ-ից տեղահանված բոլոր հայրենակիցները կարող են հաշվառվել այն հումանիտար կայաններում:

Ղազարյանն ընդգծեց, որ սոցիալական բոլոր հետագա ծրագրերը պետք է բխեն անձանց նույնականացումից և կարիքներից: Հաշվառման գործընթացում իրականացվում է կարիքի նախնական գնահատում: