Արցախի դեմ սանձազերծած լայնամասշտաբ պատերազմի հետեւանքով մարդկանց բռնի տեղահանման եւ դրա հետեւանքով սեփականության իրավունքի խախտումների վերաբերյալ դեպքերով մասսայական գործեր են ներկայացվելու Եվրոպական դատարան (ՄԻԵԴ), դրանք իրենց մեջ պետք է պարունակեն նաեւ փոխհատուցման պահանջներ։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Միջազգային եւ համեմատական իրավունքի կենտրոնի նախագահ Սիրանուշ Սահակյանը:
Նա ասաց, որ այժմ իրենք փաստահավաքություն են իրականացնում, ուսումնասիրում են ապացուցողական բազան, դրան հաջորդելու է բռնի տեղահանվածների հետ հանդիպումները, անմիջականորեն զոհերից ապացույցների հավաքագրումը, այդ թվում՝ նրանց վկայությունները, եւ վերջին փուլում կլինի դատական գործընթացի նախաձեռնում․
«Բռնի տեղահանումը միջազգային հանցագործություն է, մենք ուշադրությամբ հետեւում ենք նաեւ Հռոմի ստատուտի վավերացման գործընթացներին, եւ այս առումով նաեւ գործունեություն է իրականացվելու այդ հանցավոր արարքները փաստագրելու, հավաքագրելու տեսանկյունից, որպեսզի բաց չթողնենք ինչ-ինչ հանգամանքներում նաեւ Միջազգային քրեական դատարանի գործարկման հնարավորությունը։ Իհարկե, գոյություն ունի քաղաքական գործոնների մաս, եւ որքանով այդ քաղաքական նախադրյալները բարենպաստ կլինեն՝ ի պաշտպանություն հայերի, դեռ պետք է քննարկել եւ սպասել առաջիկա զարգացումներին։ Այս գործընթացները, որոնք մենք իրականացնելու ենք, անհատական գանգատների շրջանակներում ենք ներկայացնելու։ Նկատի ունենալով խնդրի համակարգային բնույթը՝ չենք բացառում դրանց խմբավորում, այսինքն՝ կոլեկտիվ հայցերի տեսքով»։
Սահակյանի խոսքով՝ այդ օրերին ադրբեջանական զինված ուժերի կողմից առանձնակի դաժանությամբ սպանությունների դեպքերով նույնպես աշխատանքներ տարվում են․
«Այդ ցուցադրական եւ կամայական սպանությունները մեծացրել են խոցելիությունը եւ անմիջական անվտանգային խնդիրներ են առաջացրել։ Այդ միջադեպերն են, որ հիմա հանգեցրել են մասսայական բռնի տեղահանումների, ինչը միջազգայի հանցագործություն է։ Հարյուր հազարավոր հայցեր են ներկայացվելու ՄԻԵԴ։ Ծավալը մեծ է, փորձում ենք հասկանալ, թե ինչ խմբավորումներ կարող ենք տալ։ Բնականաբար խմբավորումներ չեն լինելու այն պարագաներում, երբ մենք առնչվել ենք կյանքի իրավունքի եւ խոշտանգումների հետ․ դրանց անհատականությունը միշտ պահվում է եւ ներկայացվում է առանձնացված, բայց հասկանալի է, որ մենք տասնյակ հազարավոր գործերի հետ ենք առնչվելու»։
Հարցին, թե ի՞նչ է տալու Եվրոպական դատարանի վճիռը տուժած քաղաքացիներին, եւ ի՞նչ է ցույց տվել նախկինում ունեցած փորձը, Սիրանուշ Սահակյանը պատասխանեց․
«2020 թվականի պատերազմով այդ սեփականության իրավունքի պաշտպանությունը միջպետական գանգատի շրջանակներում է իրականացվել, եւ փաստաբանական մեր խումբը զերծ է մնացել նմանատիպ խնդիրներով զբաղվելուց։ Մեր առաջնահերթությունը եղել է ռազմագերիները եւ հիմնարար իրավունքների խախտումներ պարունակող միջադեպերը, խոշտանգումները, գլխատումները, առեւանգումները եւ ատելության տարրեր պարունակող այլ վարքագիծը, որը հանգեցրել է մասսայական բռնությունների գործադրման։ Իմ կարծիքով՝ այս գործերի ներկայացման միջոցով Եվրոպական դատարանը եւ միջազգային կառույցները ավելի վաղ փուլում փաստական տվյալներ ստացան եղելության վերաբերյալ, եւ միջազգային արձագանքը կապված է նաեւ տեղեկատվության գոյության հետ։ Այս գործերի միջոցով նրանք վերականգնում են խճանկարը եւ հասունանում է պատշաճ միջազգային արձագանքի հրամայականը։ Մյուս կողմից մենք ունենք անհապաղ միջոցներ, որոնք կիրառվել եւ դրանց շրջանակում այս խնդիրը ծանուցվել է քաղաքական մարմիններին եւ բազմաթիվ քննարկումներ են քաղաքական մակարդակում գեներացվել։ Մենք չենք թույլատրում, որ պատերազմական հանցագործությունները լինեն չփաստաթղթավորված, վերացվեն դրանց հետքերը, եւ չլինի միջազգային արձանագրում։ Այդ դատական գործընթացները օգնելու են, որ պատմության մեջ ամրագրվեն այս ցեղասպանական քայլերը, արձանագրվեն հայերի իրավունքների խախտումները եւ գուցե նաեւ անհատները ստանան փոխհատուցում խախտված իրավունքների համար։ Այդ խախտումներն աննկատ պետք է չմնան»։
Սահակյանի խոսքով՝ Ադրբեջանի կողմից հայերի նկատմամբ ատելությունն ավելի է խորանում, որն իր մեջ պարունակում է վրեժխնդրության, ծաղրանքի, նսեմացման տարրեր․
«Մենք առանձին ուսումնասիրության առարկա ենք դարձրել սեպտեմբերյան մարտերից հետո հակահայկական քաղաքականությունը եւ ատելության նոր դրսեւորումները։ Այդ ատելությունն ավելի է խորանում, իր մեջ պարունակում է վրեժխնդրության, ծաղրանքի, նսեմացման տարրեր։ Անգամ խոցելի, անօգնականի առնչությամբ երբ որպես կանոն՝ անկախ ազգությունից կարեկցելու մարդկային մղումն է առաջանում, այս դեպքում խոցելիությունն օգտագործվում է գործոն՝ ավելի ուժգին հանցագործություններ իրականացնելու նպատակով»։