Ադրբեջանի կողմից նախօրեին գերեվարված Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի նախկին հրամանատար գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանին մեղադրանք է առաջադրվել։ Նա մեղադրվում է 2002 թվականին իբր «խոշտանգել է գերության մեջ գտնվող ադրբեջանցի զինծառայողների»։ Այս մասին գրում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ հղում անելով այդ երկրի գլխավոր դատախազությանը։
Լևոն Մնացականյանը ձերբակալվել էր նախօրեին Լաչինի միջանցքի Հակարիի ապօրինի անցակետում։
Ադրբեջանի գլխավոր դատախազության տարածած հաղորդագրության համաձայն՝ 2006 թվականի նոյեմբերի 8-ին դատարանը որոշում է կայացրել Մնացականյանին մեղադրանք առաջադրել Ադրբեջանի քրեական օրենսգրքի 113 հոդվածով (խոշտանգում), նույն թվականի նոյեմբերի 14-ին նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը և Մնացականյանի նկատմամբ Ինտերպոլի միջոցով հայտարարվել է միջազգային հետախուզում։
Հակարիի կամրջի ապօրինի անցակետից բերման ենթարկվելուց հետո Լևոն Մնացականյանը տեղափոխվել է Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության քննչական մեկուսարան։ Նախաքննությունը շարունակվում է։