«Մեր խմբակցությունը հայտարարում է, որ գնում է Երևանի ավագանու նոր ընտրությունների, իսկ դա անելու համար ընդամենը մենք պետք է ներկա չգտնվենք ավագանու առաջին նսիտին, որը կգումարվի հոկտեմբերի 10-ին»,-այս մասին ուղիղ կապով հայտարարեց «Ազգային առաջընթաց» կուսակցության կողմից քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանը և հավելեց. «Մենք հայտարարում ենք, որ ներկա չենք գտնվի նիստին, որպեսզի նիստը տապալվի, քվորում չապահովվի, քաղաքապետ չընտրվի և գնանք ավագանու նոր ընտրությունների»:
Մարությանը պարզաբանեց, որ ԿԸՀ այսօրվա նիստում հայտարարվել է, որ մինչև նիստի ավարտը պետք է ընտրված ավագանու անդամները հասցնեին հրաժարվել մանդատներից, սակայն «Հանրային ձայն» կուսակցության ավագանու 2 անդամները՝ Արտակ Գալստյանը, որը ձերբակալված է և հետախուզման մեջ գտնվող Տիգրան Ուրիխանյանը չեն հասցրել հրաժարվել մանդատներից, հետևաբար ֆիզիկապես չեն կարող ներկա գտնվել ավագանու առաջին նիստին, և հնարավոր չի լինի ընդնդիմադիր թեկնածուի համար ապահովել 33 կողմ ձայն:
Նա հայտնեց, որ մամուլից տեղեկցել է «Մայր Հայաստան» դաշինքի հայտարարության մասին, որով հայտնել են, որ չեն գնում նիստին, որպեսզի քվորում չապահովվեն և գնան նոր ընտրությունների:
«Այստեղ միայն մնում է «Հանրային ձայն» կուսակցության դիրքորոշումը: Եթե այս կուսակցությունը նույնիսկ մեկ հոգով գնա և ներկա գտնվի նիստին,և նույնիսկ կարող է ոչ մեկին չքվեարկել, ձեռնպահ լինել և այլն, ապա նիստը կկայանա և կընտրվի իշխանական թեկնածուն; Եթե «Հանրային ձայն»-ը չի գնում նիստին, նիստը չի կայանա և իշխանությունը չի վերարտադրվի քաղաքապետարանում»,-հայտարարեց Մարությանը և քաղաքացիներին հորդորեց հետևել ավագանում ընտրված քաղաքական ուժերի քայլերին: