Երկիրը կարելի է վերականգնել միայն ու միայն՝ 1) ռազմարդյունաբերություն, 2) հանքաքարի վերամշակման արդյունաբերություն ստեղծելով։ Սա, իր հերթին, նշանակում է, որ՝ 3) անհրաժեշտ են բարեփոխումներ գիտության ոլորտում և կառավարության այլ որոշումներ, որոնք կնպաստեն առաջին երկու խնդրի լուծմանը: Այնուհետև, անհրաժեշտ է (թերևս սա գլխավորն է)՝ 4) անցնել մերիտոկրատական կառավարման: Դա նշանակում է արժանիների, բանիմացների իշխանության հաստատում։ Իր հերթին, մերիտոկրատիա հաստատելու համար անհրաժեշտ է՝ 5) նախ մշակել պրոֆեսիոնալիզմի չափանիշներ տարբեր ոլորտներում, դա հատկապես կարևոր է ունենալ ռազմական ոլորտում և գիտության մեջ (այսինքն անհրաժեշտ է սահմանել գիտնականների վարկանիշները)։
Ավտորիտար երկրներն ու հասարակությունները (ինչպիսին Ադրբեջանն է) պատերազմում «ժողովրդավարական» երկրների (ինչպիսին Հայաստանն է) նկատմամբ հսկայական առավելություն ունեն։ Հայաստանի միակ առավելությունը կարող է լինել 1-5-րդ կետերի իրականացումը, դրանով իսկ և արտադրության, և գիտության հզորացումը, պետության կառուցվածքի ամրապնդումը։
Մինչդեռ ասպարեզում ոչ մի հասարակական ուժ այդ մասին չի խոսում։ Դա երաշխավորում է երկրի հետագա փլուզումը և ապագա պարտությունները բոլոր առումներով։
Այսպիսով, այսօրվանից իշխանությանը հավակնողները պետք է կարծիք հայտնեն նշված չորս կետերի վերաբերյալ։ Դա վերաբերվում է և գործող իշխանություններին, և ընդդիմությանը, և բոլոր ընտրական գործընթացներին (օրինակ, Երևանի քաղաքապետի)։
Ցանկացած նշանակալի ուժ պարտավոր է ցանկացած ներկայացուցչական նշանակություն ունեցող հավաքում պատասխանել, թե ինչ է անում կամ պատրաստվում է անել 1-5 կետերի վերաբերյալ: Կառավարության ցանկացած նիստում կամ հաշվետվությունում պետք է խոսվի այդ մասին։ Ցանկացած ընդդիմադիր ուժ պետք է խոսի այդ մասին։ Ցանկացած ուժ, որը դա չի անում, պետք է որակազրկվի, հայտարարվի կիսագրագետ և վնասակար պետության համար։ Լինի այն իշխանություն, թե ընդդիմություն։
Պետք է ընդգծել, որ ներկա իշխանության բոլոր պաշտոնյաները և ներկայումս ընդդիմադիր նախկին պաշտոնյաները պատկերացում չունեն, թե ինչ է պրոֆեսիոնալը և ինչ է վարկանիշը:
Ես արդեն երկար տարիներ է, ինչ գրում եմ այդ ամենի մասին և տասնյակ հոդվածներում տվել եմ կետերից յուրաքանչյուրի մանրամասները: Հասկանալի է, որ պաշտոնյաների մի մասին դա ձեռնտու չէ, և ոչ մի պատճառաբանություն այստեղ չի օգնի։ Կան նաև մարդիկ, որոնք պարզապես ի վիճակի չեն հասկանալ: Թող կարդան, թող սովորեն։ Եթե կդժվարանան, ամեն ինչ նորից կկրկնեմ։
Գրիգոր Բարսեղյան
Հայ մասնագետների խորհրդի նախագահ, գիտությունների դոկտոր, Մարի Կյուրիի անվան միջազգային գիտական մրցանակի դափնեկիր