Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:
«Մեր բոլորի թիկունքում կանգնած է Մեսրոպ Մաշտոցը, եւ լինելով հին քաղաքակիրթ ազգ, մենք այսօր ունենք երիտասարդություն՝ կրթյալ, ազնիվ, խիզախ, որոնք կազմակերպել են այս աջակցության երթը։ Աջակցում են Ռուբեն Վարդանյանին եւ մեր բոլոր գերիներին։ Ես մտածում եմ, որ այս օրհասական կետում, որում մենք գտնվում ենք, կա զգացողությունը, որ մենք ունենք թիկունք, քաղաքակիրթ մարդուն բնորոշ իրար մեջք-մեջքի, ուս-ուսի կանգնելու, իրար սատար լինելու հատկություն»,- այս մասին լրագրողներին ասաց Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի քույրը՝ Մարինե Ալեսը։
Ռուբեն Վարդանյանի ընկերների նախաձեռնությամբ այսօր Մատենադարանի մոտից մեկնարկեց երթ՝ «Ռուբեն, քեզ հետ ենք» կարգախոսով։
Մարինե Ալեսը հավելեց․ «Աստված մեզ հետ, մեր ազգի հետ թող լինի, Աստված հային ուժ, իմաստություն եւ ազնիվ ապրելու խիզախություն տա։ Շնորհակալ եմ հայ հանրությունից, որը կողքին է։ Այն զգացողությունը, որը մեզ անհրաժեշտ է ամեն մեկիս, ով ճանապարհին է, ով բանտի խցում է, ով այստեղ կանգնած է, դա կարեւոր է, որ մենք միայնակ չենք։ Իմ և Ռուբենի հայրն ասում էր՝ ազնիվ լինելը դա ձեռնտու է, բայց ազնիվ ապրելու համար պետք է լինել շատ ուժեղ, ուրեմն բոլորս պետք է լինենք շատ ուժեղ։
Հարցին, թե Ռուբեն Վարդանյանի հետ կապ հաստատե՞լ են, նա պատասխանեց․ «Բոլոր հարցերի մասին հետո, որովհետեւ սա ընտանիքի կողմից կազմակերպված երթ չէ»։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Արցախից Հայաստան գալու ճանապարհին՝ Հակարիի կամրջի անցակետում ադրբեջանական կողմը առեւանգել է Ռուբեն Վարդանյանին եւ տեղափոխել Բաքու: Նրան ահաբեկչությունը ֆինանսավորելու շինծու մեղադրանք է առաջադրվել եւ Ադրբեջանի դատարանը Ռուբեն Վարդանյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրել կալանքը՝ 4 ամիս ժամկետով։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ