«Այս գումարման ԱԺ-ն երկրորդ հանրագիրն է ստացել: Այն կրկին դեղատների ցանցից ենք ստացել՝ կապված ՀԴՄ ակտերի, տուգանքների հետ»,-ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ավարտին տեղեկացրեց հանձնաժողովի փոխնախագահ, ՔՊ-ական պատգամավոր Բաբկեն Թունյանը:
Նա հիշեցրեց, որ օրենսդրական փոփոխությամբ իրենք բավականին խստացրել էին ՀԴՄ տուգանքները և ֆիքսված գումարից բացի այն կապել էին դեղատների շրջանառության հետ:
«Սահմանել էինք, որ տուգանքը կազմում է 200 հազար դրամ, գումարած դեղատների ցանցի նախորդ եռամսյակի շրջանառության 0.5 %-ը»,- հիշեցրեց Թունյանը և հայտնեց, որ դեղատների ցանցերը նշում են, որ այդ կարգավորումը չափազանց խիստ է:
ՔՊ-ական պատգամավորը հիշեցրեց, որ իրենք օրենքով տուգանքի վերևի շեմ էլ էին սահմանել՝ 10 մլն դրամ, բայց ընկերություններն առաջարկում են վերցնել ոչ թե ամբողջ ցանցի շրջանառության 0.5 %-ը, այլ միայն այդ վաճառքի կետի, ինչպես նաև՝ 10 մլն-ի շեմն իջեցնել:
Դեղատների ցանցերը, ըստ Բաբկեն, Թունյանի, նաև առաջրկել են օրենսգրքով պատիժ սահմանել այն աշխատակցի նկատմամբ, որը անփութությամբ, կամ միտումնավոր չի տպել վաճառքի ՀԴՄ-ն:
Թունյանը հայտնեց, որ հանրագիրը կարծիքի են ուղարեկ ՊԵԿ և Ֆինանսների նախարարություն և այնտեղից եզրակացություններն ստանալուց հետո երկու շաբաթվա ընթացքում հանրային քննարկում կկազմակերպեն: