Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:
Գյումրին երեկվանից Արցախից բռնի տեղահանված անձանց է հյուրընկալում․ չնայած այս քաղաքը զուրկ է բնակֆոնդից․ անօթևանության մեծ խնդիր ունի, սակայն քաղաքապետարանի բոլոր պաշտոնյաները մի մարդու պես լծված են նրանց համար կացարան գտնելու։
Նկատելի էր, որ քաղաքապետարանի միջանցքում չեն թողնում հերթեր գոյանան․ օպերատիվ են աշխատում։
Այդուհադերձ՝ տեսարանը ողբերգական է․ արցունքներն աչքերին, երեխաներին գրկած, իրերի փոքր կապոցները կողքերին՝ սպասում են, կային տարեց մարդիկ, որոնք այնքան ուժասպառ էին, որ նստած՝ քնել էին։
Կարդացեք նաև
Գյումրու քաղաքապետ Վարդգես Սամսոնյանը ևս մեծամասամբ առաջին հարկում է՝ արցախցի մեր հայրենակիցների փաստաթղթերն է ուսումնասիրում,երբեմն մոտենում է նստածներին, զրուցում, հանգստացնում։
Քաղաքապետարանի աշխատակիցներն էլ իրենց հերթին էին մոտենում՝ քաղցրավենիք, սուրճ առաջարկում։
Գյումրու քաղաքապետն Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ 600-ից ավել ընտանիքների են տեղավորել, ևս 200 հոգու կտեղավորեն։ Քաղաքապետի ներկայացմամբ՝ մարդիկ անընդհատ գալիս են, իրենք 24 ժամյա հերթապահություն են սահմանել, թեժ գծի համարներ են տվել, որպեսզի կարիքի դեպքում անմիջապես կապ հաստատեն իրենց հետ։
Վարդգես Սամսոնյանը նշեց, որ զուգահեռ շրջայց է կատարում ինչպես համայնքապետական, այնպես էլ պետգույք համարվող կառույցներ, ուսումնասիրում հնարավորությունները։
Կոսմետիկ վերանորոգում են կատարելու ու մեր հայրենակիցներին ընդունելու են։ Սպորտդպրոցները, հիվանդանոցների նախկին շենքերը ևս դիտարկում են որպես ապաստարաններ։
Գյումրու ուռուցքաբանական դիսպանսերի նախկին շենքը ևս կբնակեցվի Արցախից բռնի տեղահանված ընտանիքներով։ Ինֆեկցիոն հիվանդանոցի շենքն արդեն իսկ բնակեցված է, երեկվանից որպես կացարան է ծառայում։
«Մեր քաղաքում ունենք մոտ 2000 հյուրանոց, հյուրատներ, բայց մեծ մասը զբաղված են, պայմանավորվածություն ենք ձեռք բերել, հյուրերն աստիճանաբար հեռանում են, փորձում ենք նաև այնտեղ տեղավորել»,- ասաց Վարդգես Սամսոնյանը։
Գյումրու քաղաքապետը նշում է՝ այս փուլն անցնելուց հետո կանցնեն հաջորդ փուլերին․ գործարարների հետ հանդիպումներ, աշխատատեղերի առաջարկներ։
Օրինակ՝ քիչ առաջ աշխատանք են առաջարկել մասնագիտությամբ իրավաբանի, նա վաղվանից կաշխատի Գյումրու քաղաքապետարանում։
«Մեծ դժվարություններ կան, բայց փառք Աստծո, հաղթահարում ենք, գալիս են, տեղ չկա, մտածում ենք, փնտրում ենք ու մեկ էլ ստացվում է։ Օպերատիվ աշխատում ենք մինչև կեսգիշեր, մենք պատրաստ ենք գիշեր-ցերեկ չքնել, բայց մեր բռնի տեղահանվածներին տեղավորում ենք, ամեն ինչ անելու ենք, որ մեր քաղաքում լավ զգան իրենց», -ասում է քաղաքապետը։
Եվ մինչ քաղաքապետն ու քաղաքապետարանի աշխատակիցները Ստեփանակերտից եկած տարեց քույր և եղբոր խնդրում էին հավաքել իրերը, քանի որ իրենց համար կացարան էին ճարել, պիտի ուղեկցեին, տարեց կինը՝ արցունքներին աչքերին, մի պահ ժպտաց՝ ասելով․ «Գիտեմ՝ լավ է լինելու, ինչպես եկել ենք, այնպես էլ վերադառնալու ենք Արցախ»։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ