Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Արցախցի Աննա Գասպարյանն արդեն Բյուրականի աստղադիտարանի աշխատակից է

Ինչպես 1988-1994թթ-ի Արցախյան շարժման և 2020թ-ի պատերազմի օրերին, այնպես էլ այսօր Բյուրականի աստղադիտարանը (ԲԱ) կանգնած է Արցախի մեր քույրերի և եղբայրների կողքին։ ԲԱ-ն իր հյուրատանն է հյուրընկալել Արցախից եկած մեր 40 հայրենակիցների։ Այս մասին հայտնում են Բյուրականի աստղադիտարանից։

Տնօրինության, ինչպես նաև աշխատակիցների և բարեսիրտ մարդկանց ու կազմակերպությունների ջանքերով արցախցիների համար փորձում ենք ստեղծել հարմարավետության բոլոր պայմանները։

ԲԱ-ն աշխատանքի է ընդունել Արցախի գիտական կենտրոնի աշխատակից Աննա Գասպարյանին, ով կմիանա ԲԱ «Աստղագիտական շրջահայություններ» գիտահետազոտական խմբին՝ խորացնելու իր գիտելիքներն այդ ոլորտում։ Շատ կարևոր է, որ ապրուստի պայմաններ հոգալուց զատ Արցախի մեր հայրենակիցներն իրենց նաև ապահով զգան աշխատանքի և բոլոր մյուս հարցերի տեսանկյունից։


Աստղադիտարանից հիշեցում են, որ Արցախի գիտական կենտրոնի աստղագիտական լաբորատորիայի բացումը տեղի էր ունեցել 2021թ-ի հոկտեմբերի 7-ին ԲԱ և Արցախի Հանրապետության ԿԳՄՍ նախարարության ջանքերով, և գիտաշխատող Աննա Գասպարյանը հենց այդ լաբորատորիայի պատասխանատուն էր։ Միաժամանակ նա ֆիզիկա էր դասավանդում Ֆիզմաթ հատուկ դպրոցի Ստեփանակերտի մասնաճյուղում և Արցախի պետական համալսարանում։