Արցախից մարդկանց բռնի տեղահանումը Միջազգային քրեական դատարանի իրավազորության ներքո է։ Այս մասին այսօր ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում Հռոմի ստատուտը վավերացնելու մասին նախագծի քննարկման ժամանակ ասաց Միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը։
«Միջազգային քրեական դատարանի իրավազորության ներքո է, որովհետեւ այս դեպքում խոսքը գնում է մարդկության դեմ ուղղված հանցագործության տարատեսակի մասին՝ բռնի տեղահանում կամ զանգվածային տեղահանումներ։ Դա Կանոնադրությամբ նախատեսված հանցագործության տեսակ է։ Կա նաեւ նման նախադեպ՝ Միջազգային քրեական դատարանի կողմի իրավազորությունը ճանաչել, երբ ոչ անդամ պետության տարածքից դեպի այլ անդամակցող պետության տարածք տեղի է ունենում զանգվածային բռնի տեղահանում։ Խոսքը վերաբերում է Մյանմարի եւ Բանգլադեշի դեպքին, երբ Մյանմարից ժողովրդի տեղահանում եղավ դեպի Բանգլադեշ։ Մյանմարը Միջազգային քրեական դատարանի անդամ չէր, սակայն Բանգլադեշն անդամակցում է, եւ այս պարագայում դատարանը զանգվածային տեղահանության դեպքով ճանաչեց իրավազորությունը, որովհետեւ հանցագործության մի տարրը կատարվել էր նաեւ անդամ պետության տարածքում։ Սա կարծում եմ՝ կարեւոր հանգամանք է»,- ասաց Եղիշե Կիրակոսյանը։
Հարցին, թե Հռոմի ստատուտը վավերացնելու դեպքում Արցախից բռնի տեղահանության դեպքերով ե՞րբ հնարավոր կլինի հայց ներկայացնել Միջազգային քրեական դատարան, Եղիշե Կիրակոսյանը պատասխանեց․ «Մենք խոսում ենք ընթացքի մեջ գտնվող հանցագործության մասին։ Վավերացնելուց հետո Կանոնադրությունն ուժի մեջ է մտնում, այսինքն` ՀՀ-ն դառնում է անդամ երկիր վավերացման մասին ծանուցելուց 60 օր հետո։ Բայց քանի որ նախագծով նաեւ նախատեսվում է դատարանի իրավազորության հետադարձ ճանաչում, ապա հենց ծանուցման պահից կսկսի գործել՝ սկսած 2021 թվականի մայիսի 10-ից, որը կներառի նաեւ այսօր կատարվող իրադարձությունները դատարանի իրավազորության ներքո»։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: