Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:
Հայաստանի նախկին վարչապետ, Սլավոնական համալսարանի նախկին ռեկտոր Արմեն Դարբինյանի ֆեյսբուքյան գրառումը
Մի քանի շտապ կետ օրվա հրամայականով.
• Արցախի Հանրապետությունը Շահրամանյանը չի ստեղծել, որ Շահրամանյանը լուծարի։ Այն հիմնել է Արցախահայությունը, որը իր գերակշիռ մեծամասնությամբ արդեն ՀՀ տարածքում է` Ադրբեջանի գենոցիդալ գործողությունների արդյունքում։
• Պետության հիմնական հենասյունը ժողովուրդն է, այն առկա է։ Հաջորդ սյունը տարածքն է, որը այժմ բռնազավթված է գենոցիդալ թշնամու կողմից, սակայն ունի հստակ գծագրված սահմաններ։
• Հայաստանի Հանրապետությունը խնդիր ունի մոբիլիզացնելու ողջ հայության ռեսուրսը` երկու նպատակով. 1) հնարավորինս կարճ ժամկետում ապահովել Արցախահայության համար արժանապատիվ կեցության պայմաններ` կոմպակտ տեղակայման սկզբունքով; 2) ստեղծել բոլոր անհրաժեշտ պայմանները նրանց ինքնակազմակերպման համար։
• Այդ քայլերի իրագործումից հետո Արցախահայության կողմից հանրաքվեով պիտի ընդունվի նոր Սահմանադրություն և Հռչակագիր` վտարանդի պայմաններում Արցախի Հանրապետության գոյության, նպատակների և գործողությունների մասին։ Նաև` Արցախահայության` որպես ՀՀ քաղաքացիների իրավունքների և պարտավորությունների մասին։
• Նշված գործընթացներին մեր պետությունը պիտի ուղղակի նպաստի, չհանդիսանալով դրանց անմիջական իրագործողը. ժողովրդավարական պետությունների առանձնահատկությունն հենց այն է, որ հասարակությունն ունի ինքնակազմակերպման և ինքնարտահայտման բոլոր հնարավորությունները։
• Պետությունը պիտի շարունակի վարել դեպի խաղաղության պայմանագրեր տանող դիվանագիտությունը։ Իհարկե` նշված կոնտեքստում այն ավելի բարդ է լինելու։
• Ռուբեն Վարդանյանի նկատմամբ իրագործված հակամարդկային և հակաօրինական բռնությունը անհապաղ է դարձնում հանրային, պետական և համահայկական ողջ ռեսուրսի կենտրոնացումը` Ադրբեջանում գերության մեջ գտնվող մեր բոլոր հայրենակիցներին ազատելու նպատակով։ Այս կետը պիտի փորձել դարձնել խաղաղության պայմանագրի ստորագրման նախապայման։
• Անհրաժեշտ կհամարեի նաև այս փուլում մորատորիում հայտարարել մեղավորների փնտրտուքի, իրավիճակի մեղքը իրար վրա գցելու նկատմամբ։ Մեզ ուժերի կենտրոնացում է պետք, բավարար է բզկտվելը, ինքնափրկության բնազդը վերջապես պիտի հաղթի ինքնաոչնչացման մոլուցքին։
ԲԱ’ՐՁՐ ՄՆԱՑԵՔ։