Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Արցախի Հանրապետության նախագահի հրամանագիրը առոչինչ է, Արցախի Հանրապետությունը դե յուրե գոյություն ունի

Արցախի Հանրապետությունը դե յուրե գոյություն ունի, գրել է Արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանը։

«Այդ պետության հիմնադիր փաստաթուղթը հանրաքվեով կայացված որոշումն է, ուստի որևէ պաշտոնյա իրավասու չէր չեղարկել այդ պետության գոյությունը: Արցախի Հանրապետության նախագահի հրամանագիրը առոչինչ է նաև այն հիմքով, որ ընդունվել է բացահայտ սպառնալիքի ներքո, այն իրավունքի սուբյեկտի կամահայտնության հետ որևէ աղերս չունի:

Ընդ որում, Հանրապետության նախագահը այս սպառնալիքի փաստը հստակ արտացոլել է իր իսկ հրամանագրում. «հաշվի առնելով ստեղծված ռազմաքաղաքական ծանր իրավիճակը և ելնելով ԼՂ ժողովրդի ֆիզիկական անվտանգության և կենսական շահերի ապահովման առաջնահերթությունից …»:

Այսպիսով, Արցախի Հանրապետության գոյությունը դե ֆակտ դադարել է ագրեսիայի արդյունքում:

Առաջարկում եմ, խնդրում եմ՝ Արցախի Հանրապետության Գերագույն դատարանին արտագնա նիստ անել և քննարկել այդ հրամանագրի սահմանադրականության հարցը (դիմել կարող են խորհրդարանի պատգամավորները), սա անհրաժեշտ է հետագա իրավաքաղաքական առողջ ու սթափ զարգացումների համար: Արցախի Հանրապետության բոլոր սահմանադրական մարմինները պարտավոր են շարունակելու իրենց վտարանդի գործունեությունը: Չի կարելի այս համատարած ընկճախտի մթնոլորտում ապագա սերնդին զրկել գոնե ամուր իրավական հիմքեր ունենալու հնարավորությունից և տարվել զուտ կենցաղային հարթությամբ մեղավորներ փնտրելու անպտուղ ու ցածրակարգ զբաղմունքով:

Չի կարեի կրկնել այն պատմական մեծագույն սխալը, որ գործեցինք Նախիջևանի պարագայում՝ այդպես էլ երբեք այդ զորեղ փաստարկը չներառելով բանակցային օրակարգ:

Ոճրագործի պարզած ձեռքը սեղմելը և, այսպես կոչված, խաղաղության պայմանագիր կնքելը ևս առոչինչ է լինելու՝ վերը նշված հիմնավորումներով»,  գրել է նա։