Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Արցախի հանրապետության լուծարման պահանջը Ադրբեջանը դրել էր հրադադարից անմիջապես հետո. Տիգրան Աբրահամյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

«Տվյալ հրամանագիրն արձանագրում էր հանգամանքը, որ պետական կառավարման համակարգը 2024 թվականի հունվարի 1-ի դրությամբ, արդեն պետք է լինի լուծարված: Ադրբեջանական պահանջն այս հարցի հետ կապված եղել է դեռ մարտական գործողությունների դադարի անմիջապես հաջորդ օրը, սակայն Արցախի իշխանությունները փորձել են բանակցությունների միջոցով մի փոքր ձգել՝ այս դեպքում մի քանի ամիս, որպեսզի հնարավոր լինի հիմնական աշխատանքները՝ թե արցախցիների անվտանգության հետ կապված, թե բազմաթիվ այլ հարցեր, գոնե ավարտին հասցնել»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանն՝ անդրադառնալով Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանի հրամանագրին, որն Արցախի հանրապետության պաշտոնական լուծարումն է ազդարարում եւ ինտեգրումը Ադրբեջանի կազմում:

Եթե ԱՀ լուծարումը տեղի ունենար հրադադարից անմիջապես հետո, ըստ Տիգրան Աբրահամյանի, մնացյալ բոլոր հարցերի կարգավորումը գտնվելու էր ադրբեջանական պետության լիազորությունների շրջանակներում: Այս տեսանկյունից, բանախոսն այս ժամանակ շահելը համարում Արցախի բնակչության էթնիկ զտումից ապահովագրելու քայլ:

Ինչ վերաբերվում է Ռուբեն Վարդանյանի ձերբակալությանը եւ առաջադրված մեղադրանքին, այսօր հայտնի դարձավ նաեւ, որ Արցախի ԱԳ նախկին նախարար Դավիթ Բաբայանն է պատրաստվում հանձնվել ադրբեջանական իշխանությանը՝ նրանց պահանջով, Տիգրան Աբրահամյանի տպավորությամբ, գոյություն ունեն «սեւ ցուցակներ», որոնցում նաեւ դասակարգումներ են արված. թե Ռուբեն Վարդանյանի, թե Դավիթ Բաբայանի պարագաներում նա առանձնահատկություններ է տեսնում, բայց քանի դրանք չեն հանրայնացվել, նաեւ՝ բանակցային գործընթացի որոշ նրբություններից ելնելով, ինքն այս պահին չի ցանկանում շատ մանրամասների մեջ մտնել:

«Բնականաբար, խիստ մտահոգված եմ. Ռուբեն Վարդանյանին չեմ ճանաչել, բայց ցանկացած հայի հետ կապված մեր արձագանքը պետք է լինի խիստ մտահոգիչ: Դավիթ Բաբայանի հետ նաեւ երկար տարիներ աշխատել ենք ԱՀ-ում։ Հայաստանի քաղաքական դաշտի բազմաթիվ գործիչներ, լրագրողներ, նրա հետ առնչվել են եւ բնական է, որ չեն կարող այս իրողությունները հանգիստ տանել: Ես, անկեղծ ասած, դեռ հույս ունեմ, որ որոշակի ընթացակարգերի իրացումից հետո, հնարավոր կլինի մեր հայրենակիցներին վերադարձնել Հայաստան: Սա բավական ծանր գործ է լինելու եւ ՀՀ կառավարության գլխավոր խնդիրը պետք է դառնա»,- ասաց Տիգրան Աբրահամյանը՝ հավելելով, որ ՀՀ կառավարությունից, իհարկե, առանձնակի սպասելիք չկա, բայց տարբեր միջազգային կառույցներում աշխատանքը գոնե պետական մակարդակում պետք է լինի: Նաեւ աշխարհի տարբեր երկրներում ազդեցիկ մեր հայրենակիցները, իր կարծիքով, պետք է օգտագործեն իրենց ազդեցությունները եւ կապերը՝ օգնելու մեր հայրենակիցներին, այդ թվում նաեւ նրանց, ովքեր ավելի վաղ էին գերեվարվել՝ թե 44-օրյա պատերազմի ժամանակ ու հետո, թե սեպտեմբերի 19-ի պատերազմի արդյունքում:

Տիգրան Աբրահամյանը ցավում է, որ մեր հասարակությունում կա մի շերտ, որը ուրախությամբ է արձագանքում այս իրադարձություններին՝ նկատելով, որ սա ներհասարակական խորը խնդիրների մասին է վկայում, ինչը բավական վտանգավոր է:

Իսկ Արցախի հետագա ճակատագրի մասին հարցին էլ Տիգրան Աբրահամյանը պատասխանեց, որ շատ բան կախված է նրանից, թե ինչքա՞ն մարդ կմնա Արցախում եւ այդ մարդկանց հետագա ճակատագիրն ինչպե՞ս կդասավորվի:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ