«Ցավում եմ, որ մենք այս վիճակում ենք։ Ամենակարևորն այն է, որ երբեք ուշ չէ, որ մենք տեր կանգնենք մեզ»,-լրագրողներին ասաց Հայաստանի վաստակավոր արտիստ Արսեն Գրիգորյանը՝ Մրոն, ով մասնակցում է ի աջակցություն Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի և թշնամու կողմից գերեվարված Արցախի զինվորականների ու նախկին ու ներկա պետական գործիչների Երևանում կայացած խաղաղ երթին։
Նա նշեց, որ այսօր ավելի քան երբևէ շատ կարևոր է, որ մենք մեր հասարակության մեջ սեր տարածենք։
«Մեր հայերն են բանտարկված Բաքվում։ Այս աստիճան անտարբերություն...Ուրեմն սեր չկա։ Մենք պետք է իրար տեր կանգնենք, ոչ ոք մեզ տեր չի կանգնելու։ Ուշ չէ, կարող ենք շատ բան վերականգնել, եթե այսօր սկսենք»,- ասաց Մրոն։
Նա չի համարում, որ Արցախի էջը փակված է. «Արցախը մնում է հայկական, ուղղակի գերի է, ուրիշի ձեռքում է, զավթված է ինչպես Արևմտյան Հայաստանը։ Հարցը փակված չէ։ Բայց այսօր առաջնահերթություն է տեր կանգնենք մեր հայրենակիցներից, ովքեր բռնի դուրս եկան իրենց հազարամյակներով զբաղեցրած հայրենիքից»։