Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Արմեն Խաչատրյանը՝ «ղարաբաղյան կլանին» ունեզրկելու մասին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

«Շատ տեղահանվածներ կան, որոնք գտնվում են Գորիսում, կոնկրետ թիվը չեմ կարող նշել, որովհետեւ անընդհատ փոփոխվում է, նորերը գալիս են, հները՝ գնում: Հյուրանոցային վայրերում մի քիչ ավելի երկար կմնան իրենք, վրանային պայմաններում շատ կարճ կմնան, որից հետո իրենց հարցը անպայման կլուծվի: Վերջնական լուծումը բնակարաններով ապահովումն է, ինչը նշանակում է, որ պետությունը մեծ ծրագիր պետք է իրականացնի բնակարանաշինության՝ հատուկ տեղահանվածների մասով: Դա արդեն տարիների հարց է»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՔՊ խմբակցության պատգամավոր, սյունեցի Արմեն Խաչատրյանը:

Նա նշեց, որ միանվագ 100 հազար դրամ կտրամադրեն տեղահանվածներին՝ անկախ տարիքից եւ կհոգան սննդի, սոցիալական այլ խնդիրները:

Aravot.am-ը հարցրեց՝ իշխանական պատգամավորները հնչեցնում են կոչեր, որ «ղարաբաղյան կլանին պետք է ունեզրկել» եւ ունեցվածքը բաժանել ղարաբաղցիներին, դուք դրան կողմնակի՞ց եք՝ նա պատասխանեց. «Ես կողմնակից եմ այն ամենին, ինչն ամրագրված է ՀՀ օրենքով: ՀՀ օրենքում գրված է, որ ապօրինի ձեռք բերված գույքը պետք է բռնագանձվի: Դրա համար դատախազությունում ստեղծվել է հատուկ ծառայություն: Եթե կպարզվի, որ պաշտոնյաների ձեռք բերված գույքը ապօրինի է, իհարկե, դա պետք է բռնագանձվի, բայց օրենքով սահմանված կարգով: Բայց մենք ապրում ենք իրավական, սոցիալական, ժողովրդավարական պետության մեջ, որեւէ մեկը չի կարող որեւէ մեկի գույքը վերցնի, բաժանի ում ուզի: Հետեւաբար, այդ գործընթացը լինելու է, բայց խստագույնս օրենքի սահմաններում»:

Հարցրեցինք՝ 5 տարվա մեջ ձեզ չհաջողվեց ձեր հռչակած կոռուպցիոներներին, թալանչիներին ունեզրկել Հայաստանում, հիմա անցել եք Ղարաբաղի՞ն՝ Արմեն Խաչատրյանը պատասխանեց. «Չէ, բայց ինչի՞ եք գնահատական տալիս, որ չհաջողվեց: Այդ 5 տարիներից 4 տարին գրեթե պատերազմական եւ մի շարք այլ աշխարհաքաղաքական ցնցումների մեջ ենք ապրել, երկրորդը՝ ստեղծել ենք լուրջ մարմիններ դատախազությունում, որոնք զբաղվում են դրանով, երրորդը՝ հարյուրավոր մարդիկ կան, որոնք շահառուն են այդ օրենքի եւ նրանց գույքը բռնագանձման տակ է: Դուք տեսնում եք դատական նիստեր, երբ մարդկանց գույքը, առանձնատները դրված են, լուրջ գործեր կան եւ 1-2 տարի հետո առարկայական կերեւա, մի օրով չես կարող մեկի գույքը վերցնել, տալ ուրիշի, դա արդեն պետություն չի, դառնում է բռնապետություն»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ