Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Առաջիկա օրերին ավելի հստակ կներկայացվի, թե երբ, ինչպես և որտեղից կարելի է ստանալ 100 հազար դրամ միանվագ աջակցությունը

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը և Վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը ներկայացրել են վերջին տվյալները Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց վերաբերյալ և Հայաստանի կառավարության կողմից ցուցաբերվող աջակցության ընթացքը:

Մամուլի քարտուղարի ներկայացմամբ՝

Ժամը 12:00-ի դրությամբ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 91 448 անձ է ժամանել Հայաստանի Հանրապետություն, և Հակարիի կամուրջն այդ պահի դրությամբ հատել է 19 103 տրանսպորտային միջոց: Այս պահի դրությամբ այդ թիվը հասել է շուրջ 93 հազարի: Հաշվառված անձանց թիվը կազմում է 69 916:

Պետության տրամադրած կացարաններից ժամը 12:00-ի դրությամբ օգտվել էր 22 306 անձ, այս պահի դրությամբ այդ թիվը կազմում է 23 433: Ըստ մարզերի բաշխվածությունը հետևյալն է՝ Արագածոտնի մարզ 976, Արարատի մարզ՝ 6031, Արմավիրի մարզ՝ 2124, Գեղարքունիքի մարզ՝ 2137, Լոռու մարզ՝ 1187, Կոտայքի մարզ՝ 5323, Շիրակի մարզ՝ 897, Սյունիքի մարզ՝ 2050, Վայոց Ձոր՝ 1555, Տավուշի մարզ՝ 1183:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին 100 հազարական դրամ միանվագ գումար հատկացնելու գործընթացի իրականացման մանրամասները:

Նախարարն ընդգծել է, որ բանկային և կենսաթոշակային քարտեր ունեցող անձանց գումարը կտրվի փոխանցումով, իսկ այն անձինք, ովքեր չունեն բանկային քարտեր, ապա Հայփոստի բաժանմունքներից կստանան գումարը: Նա նշել է, որ առաջիկա օրերին ավելի հստակ կներկայացվի, թե երբ, ինչպես և որտեղից կարելի է այդ աջակցությունն ստանալ, քանի որ ակտիվ աշխատանքներ են տարվում տեխնիկական լուծումների ուղղությամբ:

Նարեկ Մկրտչյանը նշել է, որ այս պահի դրությամբ խնամքի կարիք ունեցող շուրջ 100 տարեց, որոնց մեջ կան նաև հաշմանդամություն ունեցող անձինք, տեղավորվել են նախարարության ենթակայության ներքո գտնվող համապատասխան խնամքի կենտրոններում: Առանց ծնողական խնամքի մնացած ավելի քան 20 երեխա է տեղավորվել խնամքի հաստատություններում:

Առաջնային կարիքի արձանագրման հարթակում 14:00-ի դրությամբ ավելի քան 15300 կարիք է արձանագրվել: Դրան զուգահեռ սոցիալական աջակցության քարտեզի հարթակում ավելի քան 180 սուբյեկտ՝ հասարակական, բարեգործական, միջազգային, դոնորական կազմակերպություններ իրենց առաջարկություններ են ներկայացրել:

Վերջին 2-3 օրվա ընթացքում Փարաքարի մշակույթի տանը գործարկվել է Միասնական սոցիալական ծառայության կայան, որտեղ այս կամ այն պատճառով Երևանում, Երևանի մոտակա հատվածներում կացարանների խնդիրների հետ կապված համապատասխան ծառայություն է մատուցվել: Այդտեղ գործում է նաև Առողջապահության նախարարության բուժկետը, Ներքին գործերի նախարարության աշխատակիցներն են այնտեղ գտնվում: Կայանը գործել է նաև Շենգավիթի միասնական սոցիալական ծառայությունում: 2 օրվա ընթացքում ավելի քան 2000 անձ այդ կայանների միջոցով ուղղորդվել է մարզերի տարբեր բնակավայրեր: Հաշվառում կիրականացվի նաև Միասնական սոցիալական ծառայության 49 կետերում:

Նախարարության անունից հայտարարություն է տարածվել այն մասին, որ հաշմանդամություն ունեցող մեր հայրենակիցներն աջակցող միջոցի կարիք ունենալու դեպքում (քայլակ, սայլակ, հենակ, պրոտեզներ) կարող են 144 թեժ գծի միջոցով կապվել և ստանալ:

Նազելի Բաղդասարյանը վերջում տեղեկացրել է, որ Ստեփանակերտ մեկնած բոլոր ավտոբուսներն արդեն վերադարձել են Գորիս, արդյունքում՝ ավտոբուսներով տեղափոխվել է 1560 անձ: Քիչ անց այդ ավտոբուսները կրկին մեկնելու են Ստեփանակերտ՝ կազմակերպելու համար այն անձանց տեղափոխումը, ովքեր չունեն սեփական տրանսպորտային միջոց: