Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:
Հայաստանում իրականացվել է կարևոր հետազոտություն անկախության սերնդի՝ երիտասարդների շրջանում։ «Ան»կախության սերունդ․ հետազոտություն երիտասարդների շրջանում, Հայաստան 2023թ.» ուսումնասիրությունը կատարել է Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամի հայաստանյան գրասենյակը։
Հետազոտությունն առաջին անգամ լայն հանրությանը ներկայացվեց սեպտեմբերի 28-ին։ Արդյունքները ներկայացրեցին ԵՊՀ Սոցիոլոգիայի ֆակուլտետի դասախոսներ Սոնա Բալասանյանը, Հարություն Վերմիշյանը և Տատյանա Դարբինյանը։
«Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամը տարիներ առաջ արդեն իսկ իրականացրել է նման հետազոտություն Հայաստանում, սա արդեն երկրորդն է։ Այսօրվա երիտասարդությունը սովորում է օտար լեզուներ, ճամփորդում է, շփվում հասակակիցների հետ, ձգտում է նաև եվրոպական ապագա բերել Հայաստան։ Ինչի՞ ենք ուզում հասնել, ո՞ւր ենք գնում, որտեղ ենք ուզում առաջ շարժվել։ Այս բոլոր հարցերի պատասխանները փորձել ենք ստանալ հետազոտության հետևանքով։ Արդյունքների մի մասը մասամբ իրարամերժ է, մյուս մասը՝ հուսադրող, և բնականաբար, պատկերացում է տալիս Հայաստանի իրավիճակի մասին»,- նշեց Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամի տարածաշրջանային համակարգող Մարսել Ռյոթիգը։
Ըստ «Ան»կախության սերունդ․ հետազոտություն երիտասարդների շրջանում, Հայաստան 2023թ.» ուսումնասիրության՝ հայ երիտասարդները հակված են իրենց սոցիալ-տնտեսական վիճակը գնահատելու լավ՝ մյուսների համեմատ թե՛ իրենց համայնքում, թե՛ երկրում։ Միևնույն ժամանակ իգական սեռի ներկայացուցիչներն իրենց սոցիալտնտեսական վիճակն ավելի ծանր են գնահատել, քան արական սեռի ներկայացուցիչները։ Հայ երիտասարդների միայն 1/3-ն ունի անձնական եկամուտ։ 1/4-ը կախված է ծնողներից, և նույնիսկ աշխատողների 1/4-ը ֆինանսապես կախված է մեկ այլ անձից (սովորաբար ամուսնու ծնողներից)։ Տվյալները վկայում են, որ իգական սեռի ներկայացուցիչները և գյուղաբնակները ֆինանսապես ամենակախվածն են։ Քաղաքի երիտասարդներն ավելի հաճախ են ընդունվում ուսումնական հաստատություններ, քան գյուղական բնակավայրերում։ Ուսումնական հաստատություններ չհաճախողների (չսովորողների) և չաշխատող երիտասարդների մեծամասնությունը իգական սեռի ներկայացուցիչներ են, ովքեր գյուղական բնակավայրերից են և ամուսնացած։
Հայ երիտասարդության կեսից ավելին հիմնականում չի հետաքրքրվում քաղաքականությամբ։ Ընդ որում, քաղաքականությամբ ընդհանրապես չհետաքրքրվողները 18-25 տարեկան միջնակարգ կրթությամբ իգական սեռի ներկայացուցիչներ են Երևանից։
Երկրի առջև ծառացած խնդիրներից երիտասարդներն առավել կարևոր են համարում հարևան երկրների հետ հակամարտությունը, տարածքային ինտեգրումը և արտաքին քաղաքական լարվածությունները։ Նրանք երկրորդային են համարում այնպիսի սոցիալ-տնտեսական հարցերը, ինչպիսիք են գործազրկությունն ու աճող գները։
Երիտասարդների մեծամասնությունը նախընտրում է, որ Հայաստանը մոտ և համերաշխ լինի Արևմուտքի հետ, իսկ Ռուսաստանի նկատմամբ նման դիրքորոշում ոչ ոք միանշանակ չի ընդգծել։ Երիտասարդների ճնշող մեծամասնությունը Հայաստանը համարում է եվրոպական երկիր՝ Եվրոպան ավելի շատ ընկալելով որպես դրական և/կամ վերացական, քան բացասական երևույթ։ Երիտասարդների ընկալումներում Եվրոպայի բացասական ենթատեքստը հիմնականում կապված է եվրոպականացման և ավանդական արժեքների բախման հետ։
Ըստ «Ան»կախության սերունդ․ հետազոտություն երիտասարդների շրջանում, Հայաստան 2023թ.» ուսումնասիրության՝ Հայաստանի երիտասարդության ճնշող մեծամասնությունը շեշտում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը՝ որպես իր ինքնության կարևոր բաղադրիչ: Հայաստանի երիտասարդների ճնշող մեծամասնությունը հակված չէ ինքնորոշվելու որպես եվրոպացի։ Միևնույն ժամանակ՝ բարձր կրթական մակարդակ ունեցող երիտասարդները և ավելի բարձր տարիքի մարդիկ հակված են իրենց համարելու ՀՀ քաղաքացիներ և, հետևաբար, իրենց ընդհանրապես եվրոպացի չեն համարում։
Երիտասարդությունը բանակը, եկեղեցին և ոստիկանությունը համարում է ամենավստահելի ինստիտուցիոնալ կառույցները, մինչդեռ ամենաանվստահելիները քաղաքական կուսակցություններն են, ԶԼՄ-ները և գործող նախագահը։ Զինվորականներին, եկեղեցուն, ոստիկանությանը, դատարաններին և արհմիություններին ավելի շատ վստահում են քիչ կրթված արական սեռի ներկայացուցիչները, ավելի երիտասարդները, գյուղաբնակ երիտասարդները։
«Ան»կախության սերունդ․ հետազոտություն երիտասարդների շրջանում, Հայաստան 2023թ.» նախագիծը մի հսկայածավալ հետազոտություն է Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքով, որի արդյունքների վերլուծությունը արտացոլում է երիտասարդ սերնդի ընկալումները, իրազեկվածությունը, սպասելիքներն ու մոտեցումները փոփոխվող իրողությունների վերաբերյալ: Հետազոտությունը մատնանշում է երիտասարդներին առնչվող մարտահրավերները և վեր հանում հասարակության ներսում առկա հրատապ խնդիրները:
Մամուլի հաղորդագրություն