ԱՄՆ-ն հայտնում է, որ Հարավային Կովկասում Աղետների արձագանքման թիմ (Disaster Assistance Response Team) է տեղակայել՝ համակարգելու ԱՄՆ-ի մարդասիրական աջակցությունը:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Հայաստան այցից հետո հայտարարություն է տարածել ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) ղեկավար Սամանթա Փաուերը:
Փաուերը նշել է, որ Միացյալ Նահանգները խորապես մտահոգված է Լեռնային Ղարաբաղի խոցելի բնակչության անվտանգությամբ։
Նա երախտագիտություն է հայտնել Հայաստանի կառավարությանը՝ բռնի տեղահանվածներին ընդունելու և նրանց ապաստան գտնելու հարցում օգնելու համար, ինչպես նաև մարդասիրական կազմակերպություններին, որոնք աշխատում են սուր կարիքները լուծելու համար:
«Այսօր ես հայտարարում եմ, որ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը Հարավային Կովկասի տարածաշրջանում տեղակայել է Աղետների արձագանքման թիմ՝ համակարգելու ԱՄՆ մարդասիրական արձագանքը: Արձագանքման թիմը կգնահատի իրավիճակը, կպարզի առաջնահերթ կարիքները՝ մեծացնելու համար օժանդակությունը, և կաշխատի գործընկերների հետ՝ ապահովելու հրատապ անհրաժեշտ օգնություն»,-ասել է Փաուերը:
ԱՄՆ ՄԶԳ տնօրենը շեշտել է, որ Ադրբեջանի՝ անցյալ շաբաթվա անընդունելի ռազմական գործողությունն էլ ավելի է վատթարացրել առանց այն էլ սարսափելի մարդասիրական իրավիճակը։
«Ինը ամիս Ադրբեջանն արգելափակել էր Լաչինի միջանցքը՝ փակելով կենսական օղակը, որով Լեռնային Ղարաբաղի բնակիչներն ապահովվում են սննդով դեղորայքով, վառելիքով և առևտրային պաշարներով»,-նշել է Փաուերը:
Ավելի մանրամասն՝ սկզբնաղբյուրում։