Այսօր Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը հայտնել է, որ ձերբակալվել է Արցախի Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանը։ Այդ տեղեկությունը նաեւ հայտնում են ադրբեջանական որոշ կայքեր:
Հիշեցնենք, որ մինչ այդ ադրբեջանցիները Լաչինի միջանցքից առեւանգել են Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին:
Արման Թաթոյանը գրել է․ «Ռուբեն Վարդանյանին Ադրբեջանի սահմանապահ ծառայության կողմից ազատությունից զրկելը բացահայտ անօրինական է և բացարձակ կամայական. մարդուն ապօրինի ազատությունից զրկելն ու առևանգելը հանցանք է: Այս հանցավոր արարքը նախորդ մի քանի դեպքերի հետ Ադրբեջանը կարող է դարձնել վտանգավոր նախադեպ: Այս որոշումը բացառապես պայմանավորված է ադրբեջանական իշխանության հայատյաց քաղաքականության, վրեժի շարժառիթներով. առավել ևս քիչ առաջ ադրբեջանական աղբյուրները հրապարակային տեղեկություն տարածեցին ադրբեջանական իշխանության կողմից Հակարի կամրջի մոտից Վիտալի Բալասանյանի ձերբակալության մասին»:
Վիտալի Բալասանյանի ձերբակալման լուրը 24news-ի հետ զրույցում հերքել է Արցախի «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը:
Ըստ Արման Թաթոյանի, Հայաստանի Հանրապետության իշխանությունը պարտավոր է ամեն քայլ գործադրել` անօրինական ձերբակալումից ու հետագա կալանքից առևանգված մարդկանց ազատ արձակելու համար: Ազատ արձակելու նպատակի համար Մարդու իրավունքների եվրոպական դատարան դիմելն անհրաժեշտ, բայց որևէ կերպ բավարար չէ. դրա համար պահանջվում է քաղաքական ու իրավական քայլերի ամբողջություն:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: