Քիչ առաջ Արցախից Հայաստան եկող անցակետից ադրբեջանցիների կողմից գերեվարվել է գեներալ լեյտենանտ Լևոն Մնացականյանը: Ֆեյսբուքյան էջում գրել է հասարակական գործիչ Նարեկ Սամսոնյանը։
ՏԱՍՍ-ը գրել է, որ Ադրբեջանի ուժայինները Լաչինի անցակետում ձերբակալել են Լեռնային Ղարաբաղի բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանին։ ՏԱՍՍ-ը հղում է արել Մնացականյանի շրջապատից աղբյուրին։
«Ադրբեջանական ուժայինները Լաչինի անցակետում Ղարաբաղից հայկական Գորիս քաղաք մտնելու փորձի ժամանակ բերման են ենթարկել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բանակի նախկին հրամանատար (2015-2018թթ.), գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանին։ Գեներալ Լևոն Մնացականյանին ադրբեջանցիները ձերբակալել են Լաչինի անցակետում»,- ասել է գործակալության զրուցակիցը։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Արցախի նախկին պետնախարար, գործարար Ռուբեն Վարդանյանին Հայաստան վերադառնալիս ադրբեջանցի ուժայինները գերեվարել են ու տեղափոխել Բաքու։ Նրան Ադրբեջանում մեղադրանք է առաջադրվել երեք հոդվածով՝ ահաբեկչություն ֆինանսավորում, (ապօրինի զինված խմբավորումների ստեղծմանը և գործունեությանը մասնակցություն, պետական սահմանի ապօրինի հատում)։
Սեպտեմբերի 28-ին Արցախի ԱԳ նախկին նախարար Դավիթ Բաբայանը հայտարարել էր. «Բոլորդ գիտեք, որ ես ընդգրկված եմ Ադրբեջանի սեւ ցուցակում, և ադրբեջանական կողմը պահանջել է իմ ժամանումը Բաքու՝ համապատասխան հետաքննության համար։ Որոշեցի այսօր Ստեփանակերտից մեկնել Շուշի»։