«Հայաստանի քաղաքացի Ռուբեն Վարդանյանը կալանավորվել է և որպես մեղադրյալ ենթարկվել քրեական պատասխանատվության»,- ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ այս մասին ասված է Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ հավաքված ապացույցների հիման վրա Ռուբեն Վարդանյանին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանի Քրեական օրենսգրիք 214-1 (ահաբեկչություն ֆինանսավորում), 279.3 (ապօրինի զինված խմբավորումների ստեղծմանը և գործունեությանը մասնակցություն) և Ադրբեջանի քրեական օրենսգրքի 318.1 (պետական սահմանի ապօրինի հատում) հոդվածների հատկանիշներով։
Հիշեցնենք, որ երեկ Ռ Վարդանյանի կինը՝ Վերոնիկա Զոնաբենդը, հայտարարել էր.
«Այսօր առավոտյան ամուսինս՝ բարերար, գործարար և Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, ձերբակալվել ու գերեվարվել է Ադրբեջանի իշխանությունների կողմից, երբ փորձել է հեռանալ Արցախից՝ ադրբեջանական բռնազավթումից մազապուրծ եղած հազարավոր հայերի հետ։ Ռուբենը արցախցիների կողքին էր շրջափակման 10 ամիսներին և նրանց հետ միասին էլ զրկանքներ է կրել գոյության համար այդ պայքարում»: