Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:
2024 թ. ՀՀ պետբյուջեում նախնական 10 մլրդ դրամ կհատկացվի Արցախից բռնի տեղահանվածների համար։ Այս մասին այսօր ՀՀ կառավարության նիստում հայտարարեց ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը` ներկայացնելով 2024 թ. ՀՀ պետական բյուջեի նախագիծը։
«Մենք բյուջեն հաստատում ենք այնպիսի պայմաններում, երբ ունենք տասնյակ հազարավոր բռնի տեղահանված փախստականներ, որոնց պետք է ապահովենք առաջնային հոգատարությամբ, իսկ միջնաժամկետ հատվածում պետք է ապահովենք նաև նրանց արժանապատիվ կեցությունը։ Այս պահին, չունենալով հստակ պատկերացում Հայաստան բռնի տեղահանվածների թվի մասին, մենք բյուջեում հստակ տող ենք սահմանել նրանց վերաբերյալ, որտեղ նախնական նախատեսել ենք 10 մլրդ դրամ, որի մեծությունը բյուջեի քննարկման հետագա փուլերում, անհրաժեշտության դեպքում կավելացնենք»,– հայտարարեց նախարարը։
Նրա խոսքով` 2024 թ. ՀՀ պետական բյուջեի հիմքում դրվել են ռիսկերի կառավարման նոր մոտեցումներ, որոնք բխում են ներկա տուրբուլենտ աշխարհում և տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձություններից ածանցվող մեծ անորոշությունից, որն այլևս մեր կյանքի անբաժան մասն է դարձել։
«Այս պայմաններում մենք բարելավում ենք մեր կանխատեսման գործիքները, որոնց հիման վրա կազմում ենք մի շարք սցենարներ, որոնցից ընտրում ենք մեկը և դնում բյուջեի հիմքում։ Մնացած տարբերակները հնարավորություն են տալիս քանակապես գնահատել ռիսկերն ու դրանց հիման վրա ձևավորել պահուստներ, որոնք պետք է ֆինանսական ապահովության բարձիկներ հանդիսանան հիմնական ռիսկերի նյութականացման, ինչպես նաև անկանխատեսելի ծախսերի ի հայտ գալու դեպքում»,– ընդգծեց Հովհաննիսյանը։
Նա վստահեցրեց, որ չնայած արտաքին ռիսկերին`ՀՀ տնտեսությունը շարունակում է դրսևորել բարձր դիմադրողականություն։
Հովհաննիսյանի խոսքով, այդ մասին են վկայում առաջին եռամսյակում արձանագրված 10.5 տոկոս տնտեսական աճը, իսկ 2023 թ. հունվար–օգոստոս ամիսներին` տնտեսական ակտիվության ցուցանիշի 10.4 տոկոս աճը։ 2023 թ. տնտեսական աճը կանխատեսվում է ՀՀ կառավարության թիրախավորած 7 տոկոսի շրջանակում, որը ներկա միտումների պայմաններում կարող է նույնիսկ ավելին լինել։
Մանրամասները՝ տեսանյութում
Լուսինե ՄԱՐԳԱՐՅԱՆ
Լուսանկարը՝ Դավիթ Ղահրամանյանի