«Հայաստանի և հայ ժողովրդի վրա հոգեբանական ճնշում գործադրելու ձև է»,- լրագրողներին ասաց դերասան Վարդան Պետրոսյանը, ով մասնակցում է ի աջակցություն թշնամի Ադրբեջանի կողմից ձերբակալված, կալանավորված Արցախի զինվորականների, նախկին ու ներկա քաղաքական գործիչների երթի։
Նա նշեց, որ Բաքվում երկու տարից ավելի հայ ռազմագերիներ ունենք, նաև գյուղերից մարդկանց բռնում տանում են, ինչ ուզում անում են։
«Հանգիստ ձերբակալելու են նաև Արցախի իշխանությանը։ Անգամ կարող են ասել՝ պահանջում ենք Երևանից, Գյումրիից այս ինչ քաղաքական գործիչը գլուխը կախ գա ու մեզ հանձնվի։ Հետո ասեն՝ Սփյուռքից, Ամերիկայից այս ինչ մարդի կան։ Ծաղրուծանակ է, սրա դիմաց պետք է անպայման առնել»,- ասաց դերասանը։
Վարդան Պետրոսյանը Հայաստանի իշխանությունների գործոություններն անբավարար է գնահատում, ոչ մի քայլ չի տեսնում, որոնք ձեռնարկվում են։
Նա հիշեցրեց, որ դեռ 44-օրյա պատերազմից հետո է ասել՝ իշխանությունը պետք է խմբով հրաժարական տա։
«Ասողին լսող է պետք»,- նշեց Պետրոսյանը։
Հիշեցնենք, որ Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը, ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը Հայաստան եկող անցակետից ադրբեջանցիների կողմից գերեվարվել ու ձերբակալվել են։
Սեպտեմբերի 28-ին Արցախի ԱԳ նախկին նախարար Դավիթ Բաբայանը հայտարարել էր. «Բոլորդ գիտեք, որ ես ընդգրկված եմ Ադրբեջանի սեւ ցուցակում, և ադրբեջանական կողմը պահանջել է իմ ժամանումը Բաքու՝ համապատասխան հետաքննության համար։ Որոշեցի այսօր Ստեփանակերտից մեկնել Շուշի»։ Այսօր ադրբեջանական կողմը հայտարարեց, որ Բաբայանը ձերբակալվել է։