Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:
Արցախի Հանրապետության Նախագահ Սամվել Շահրամանյանը ստորագրել է հրամանագիր, ըստ որի ԼՂ Հանրապետությունը (Արցախ) դադարում է գոյություն ունենալ 2024 թվականի հունվարի 1-ից: ԱԺ նախկին պատգամավոր Արման Աբովյանը Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ այդ հրամանագրով Արցախի պատմության էջը չի փակվի, ինչպես գուժում են շատերը, քանի որ Արցախի պատմությունը չի սկսվել հրամանագրով. «Դա ինչ-որ հուզական բան չի, տրամաբանություն է:
Հիշեցնեմ, որ յուրաքանչյուր քաղաքական փաստաթուղթ, որը կնքվել է ուժի կամ ուժի սպառնալիքի ներքո, իրավաբանորեն չունի ոչ մի միջազգային ուժ: Այլ բան է, որ, օրինակ, Հայաստանն է ընդունում դա: Կախված է նրանից, թե ինչ ընթացք է ստանում: Իհարկե, դժվար է սպասել ներկայիս իշխանությունների կողմից ինչ-որ գործողություններ այդ հրամանագրի հետ կապված, որովհետեւ մենք շատ լավ գիտենք, որ իշխանությունները ամենասկզբից էլ դիտարկել են Արցախի Հանրապետության գոյությունը՝ Հայաստանից անջատ, իրենք առհասարակ ձեռքերը լվացել են, խոսենք ուղիղ:
ՀՀ իշխանությունները առաջինն էին իրենց բառապաշարով, պետական փաստաթղթերով հեռացել «Արցախի Հանրապետություն» իրավական ձեւակերպումից, թող հիմա ձեւեր չթափեն, էլի ու իրենց սրբերի տեղ չդնեն, ամեն ինչ պարզից էլ պարզ է: Հիմա շոկային իրավիճակ է հասարակության մոտ՝ փախստականներ, Արցախի իրավիճակ, ճնշումներ եւ այլն, բայց եթե անմիջապես փաստաթղթից ենք խոսում, ավելի քան համոզված եմ, որ կարելի է շատ հեշտությամբ այդ հայտարարությունը ոչ թե վիճարկել, այլ ոչնչացնել, առ ոչինչ համարել, որովհետեւ ներողություն, արցախցիների ծոծրակին իրենց երեխաների, կանանց ծոծրակին դրել են զենքը, ասում են՝ սա արա կամ նա արա, դա ակնհայտ է: Պետք է լինի ցանկություն, կամք, նվազագույնը տեսլական՝ իրավիճակը փոխելու»:
Արման Աբովյանը համոզված է որ Արցախի Հանրապետության լուծարումը գործընթացի վերջը չի. «ՀՀ-ի համաձայնության ներքո ըստ էության ոչնչացվեց Արցախը ու թող հլը համարձակվեն սրա-նրա վրա գցեն: Եվ հետո այսօր ավելի քան շոշափելի է գործնական առումով Հայաստանի Հանրապետության մասնատումը, որը կարող է տեղի ունենալ յուրաքանչյուր վայրկյան ու բնավ կապ չունի՝ դա տեղի կունենա այսպես կոչված վիժվածքածին խաղաղության պայմանագրի՞ ներքո, թե՞ ռազմական ուժով: Թուրք-ադրբեջանական ոհմակը երբեք էլ չի թաքցրել, որ իրենց հիմնական նպատակը Հայաստանի ոչնչացումն է:
Հիմա բացվել են ՀՀ դարպասները, ուզում են կնքել մեր ինքնաոչնչացման պայմանագիրը ու կմեկնարկի Հայաստանի՝ նվազագույնը Թուրքիայի յաթաղանից կազմված հովանոցի տակ մտցնելու պրոցեսը: Եթե կասեն՝ գույներ ենք խտացում, հիշեցնեմ մի գործընթացի մասին, որից ՀՀ իշխանությունը համառորեն չի խոսում, մասնավորապես՝ սեպտեմբերի 25-ին Ադրբեջանի պառլամենտում անցկացված լսումները նվիրված էին այսպես կոչված «Արեւմտյան Ադրբեջան» եզրույթին, որտեղ ձեւակերպվել են իրավականորեն Հայաստանի ողջ տարածքի հանդեպ Ադրբեջանի պահանջները, նվազագույնը ուզում են բնակեցնել ՀՀ տարածքները թրքալեզու ցեղերով, այսինքն ադրբեջանցիներով: Եթե այսպես շարունակվեց, ապա ինչ կատարվում է արցախցիների հետ, անխուսափելիորեն սպասելու է մեզ բոլորիս: Սա գույների խտացում չէ, ընդհակառակը, ես խնայում եմ մարդկանց նյարդերը»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ