Հուլիսի վերջին ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը գրառում էր կատարել ֆեյսբուքյան իր էջում, որը դարձել էր մեծ քննարկումների թեմա: Մասնավորապես, ասվում էր, որ Հայաստան է գալիս համաշխարհային մեծ աստղերից մեկը:
Ավելի ուշ հայտնի դարձավ, որ այդ աստղը ո՛չ ավել, ո՛չ պակաս, Քելվին Քորդոզար Բրոդուս Կրտսերը կամ բոլորիս հայտնի Սնուփ Դոգգն է: Օրեր անց պետբյուջեից 6 միլիոն դոլար հատկացվեց՝ սեպտեմբերի 23-ին «Հրազդան» մարզադաշտում կայանալիք՝ 25.000 հոգու համար նախատեսված համերգի իրականացման համար:
Նախատեսված համերգից օրեր առաջ՝ սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը սանձազերծեց հերթական անմարդկային գործողություններն Արցախի ու արցախցու դեմ: Արցախահայությունը ստիպված էր բռնի կերպով լքել իրենց հայրենիքը, ավելի ուշ էլ՝ սեպտեմբերի 28-ին Սամվել Շահրամանյանը ստորագրեց մի փաստաթղթի տակ համաձայն որի Արցախի հանրապետությունը հունվարի 1-ից այլեւս գոյություն չի ունենա:
Այս ամենի ֆոնին անհանգստության ու մտահոգության ալիք էր բարձրացրել Սնուփ Դոգի երեւանյան համերգը: Մարդիկ պահանջում էին չեղարկել այն: Համերգը կազմակերպող ընկերությունը «Դոպինգ Սփեյս»-ը հանդես եկավ հայտարարությամբ, որից պարզ դարձավ, որ համերգը հետաձգվում է անորոշ ժամկետով:
ArmLur.am-ը կապ հաստատեց ՝ «Դոպինգ» գովազդային գործակալության հիմնադիր Հայկ Սիմոնյանի հետ՝ պարզելու, թե արդյո՞ք կա հստակեցում այս մասով.
«Առաջիկայում հանդես կգանք հայտարարությամբ, այս պահին ասել չեմ կարող թե ինչքան ժամանակով է հետաձգվել»:
Հարցին թե արդյո՞ք հնարավոր է կայացման տեղը փոխվի քանի որ գնալով եղանակը ցրտում է, իսկ «Հրազդան» մարզադաշտը բաց տարածք է, Սիմոնյանը նշեց, որ ամենայն հավանականությամբ չի փոխվի:
Մարիամ Ղազարյան