Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Արցախից բռնի տեղահանված 100 երեխա դիմել է ՀՀ տարբեր դպրոցներ

ԿԳՄՍ Ժաննա Անդրեասյանն ու ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանն այսօր Կառավարության «Հումանիտար կենտրոն»-ում հանդես են եկել մամուլի ասուլիսով և մանրամասներ ներկայացրել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին ցուցաբերվող աջակցության աշխատանքների ընթացքի վերաբերյալ:

ԿԳՄՍ նախարարի խոսքով՝ այս պահին ՀՀ տարբեր դպրոցներ են դիմել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված շուրջ 100 քաղաքացիներ:
«Այս պահին առաջնահերթ են Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքների կեցության, բուժօգնության, սննդի մատակարարման ծրագրերը, սակայն կրթության իրավունքը նույնպես կարևոր և առաջնային է: Հետևաբար, մենք պետք է առանց ժամանակ կորցնելու իրականացնենք քայլեր՝ ապահովելու երեխաների շարունակական կրթությունը: Այս պահի դրությամբ ՀՀ տարբեր մարզերում ունենք դպրոցներ դիմող շուրջ 100 քաղաքացիներ: Սա վկայում է այն մասին, որ քաղաքացիների առաջնային կարիքների որոշակի հստակեցումից անմիջապես հետո նրանք առաջին հերթին դիմում են դպրոց, ինչը շատ լավ է»,- ասել է Ժաննա Անդրեասյանն ու տեղեկացրել՝ ԿԳՄՍ նախարարությունը շրջաբերական գրություն է ուղարկել հանրակրթական դպրոցների ղեկավարներին, որով հստակ հրահանգներ են տրվել գործընթացի կազմակերպման վերաբերյալ:

Մասնավորապես, ըստ նախարարի՝ ուսումնական հաստատություններ դիմելիս մեր հայրենակիցները փաստաթղթերի խնդիր չեն ունենա. երեխաների ընդունելությունը դպրոց կկատարվի՝ առանց լրացուցիչ փաստաթուղթ պահանջելու:

«Կարգավորումներ ենք նախատեսել նաև բոլոր այն դեպքերի համար, երբ երեխաները կունենան հավելյալ աջակցության կարիք, քանի որ հասկանում ենք՝ նրանք անցել են բարդ հոգեբանական փորձությունների միջով: Այդ աշխատանքն իրականացնելու ենք ոլորտում գործող մասնագիտացված կառույցների հետ: Մենք ունենք տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոններ, բոլոր մասնագետները պատրաստ են»,- ասել է Ժաննա Անդրեասյանը: Նա նաև տեղեկացրել է, որ հաջորդ շաբաթվանից ՀՀ դպրոցների ուսուցիչների համար կկազմակերպվեն վերապատրաստումներ՝ աջակցելու նրանց՝ հոգեբանական ծանր ապրումներով երեխաների հետ աշխատելու և նրանց համար համապատասխան միջավայր ձևավորելու հարցում:

ԿԳՄՍ նախարարն ընդգծել է՝ այս պահին հաշվառված քաղաքացիների համադրությամբ կարելի է ասել, որ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներից ամեն երրորդն անչափահաս է:

«Սա նշանակում է, որ մենք դպրոցներում շատ անելիք կունենանք: Համագործակցում ենք ոլորտում գործող քաղաքացիական հասարակության ակտիվ կազմակերպությունների հետ և ունենալու ենք լրացուցիչ ծրագրեր, որոնք կվերաբերեն ինչպես սովորողների համար հավելյալ կրթական աջակցությանը, այնպես էլ՝ ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչներին: 2023 թ. սեպտեմբերի 1-ի դրությամբ Լեռնային Ղարաբաղում գործել է 108 հանրակրթական ուսումնական հաստատություն՝ շուրջ 21 հազար սովորողներով: Ուսուցիչների թիվը եղել է շուրջ 1500: Մենք անընդհատ խոսում ենք ուսուցիչների պակասի մասին, այնպես որ վստահ եմ՝ մեր կրթական համակարգը պատրաստ է ԼՂ-ից տեղահանված ուսուցիչներին ևս ներգրավելու դպրոցներում՝ ըստ անհրաժեշտ ուղղությունների»,- նշել է Ժաննա Անդրեասյանը:
Նրա խոսքով՝ կարիքների գնահատման փուլում ԿԳՄՍ նախարարությունը կլինի շատ ուշադիր, և բոլոր ծրագրերն ու նախաձեռնությունները կմշակվեն՝ ըստ ի հայտ եկած կարիքների:

Անդրադառնալով Հայաստան տեղափոխվող ուսանողներին՝ Ժաննա Անդրեասյանը նշել է, որ թե՛ բուհերի, թե՛ քոլեջների և ուսումնարանների սովորողներն ունեն կրթության շարունակականության իրավունք: Լեռնային Ղարաբաղում գործել է 8 քոլեջ/ուսումնարան և 4 բուհ:
«Մշակվել են կրեդիտների, տարբերությունների և դրանց փոխանցման ու ուսանողների տեղափոխության գործընթացների վերաբերյալ կարգավորումները: Լրացուցիչ քննարկում ենք նաև ուսման վարձի հետ կապված խնդիրները. այստեղ ևս կարիքների գնահատման ու լրացուցիչ առաջարկների անհրաժեշտություն է լինելու՝ հիմնվելով տվյալների վրա: Այս բոլոր հարցերին ավելի մանրամասն կկարողանանք անդրադառնալ այն ժամանակ, երբ մեր բոլոր հայրենակիցների տեղաբաշխումն իրականացված կլինի»,- ասել է Ժաննա Անդրեասյանը:

Խոսելով սպորտի և մշակույթի ոլորտում Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցների ներգրավման մասին՝ Ժաննա Անդրեասյանն ասել է. «Լեռնային Ղարաբաղում 11 մարզադպրոցներ են գործել՝ շուրջ 3 հազար սաներով: Կարծում եմ՝ թե՛ մարզիչների, և թե՛ ստեղծագործական կոլեկտիվների աշխատողների հետ կտարվի հավելյալ աշխատանք՝ հասկանալու, թե ինչ հնարավորություններ կարող են ստեղծվել Հայաստանում նրանց գործունեության շարունակականության ապահովման ուղղությամբ»,- եզրափակել է նախարար Ժաննա Անդրեասյանը:

Մամուլի ասուլիսի ընթացքում հաղորդվել է նաև, որ մինչև այս պահը Հայաստան է մուտք գործել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 50,243 անձ, ընդ որում՝ 5700 անձ է օգտվել պետության կողմից տրամադրված կացարաններից, որը սահմանը հատած քաղաքացիների ընդհանուր թվի շուրջ 11 տոկոսն է կազմում:
Սեպտեմբերի 19-ից ռազմական գործողությունների, ինչպես նաև Ստեփանակերտի հարակից տարածքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով Հայաստան է տեղափոխվել 311 բուժառու. նրանք ստանում են ստացիոնար բուժում:

Անդրադառնալով կամավորների ներգրավման հարցին՝ նշվել է, որ կամավորների հարթակում ստացվել է շուրջ 660 հայտ: